Օգտակար տեղեկատվություն

Ինչպես ճիշտ նախապատրաստվել հետազոտությանը

Լաբորատոր հետազոտություններ անցնելուց առաջ յուրաքանչյուր խումբ անալիզների համար կան որոշակի խիստ պայմաններ, որոնք անհրաժեշտ է պահպանել: Դրանք վերաբերվում են սննդի, հեղուկների, դեղորայքի ընդունմանը, կենսակերպի առանձնահատկություններին: Ավելի մանրամասն ինֆորմացիա յուրաքանչյուր առանձին տեսակի հետազոտության նախապատրաստման համար կարող եք տեսնել կայքի գնացանկ բաժնում՝ հետազոտության անվանման կողքին սեղմելով   ԱՎԵԼԻՆ  կոճակը:

 

Նախաանալիտիկ գործոնների ազդեցությունը հետազոտության արդյունքների վրա

Յուրաքանչյուր անալիզի տեսակ  ունի  իրեն բնորոշ  նախապատրաստման  պայմանները, որոնք միշտ կարող եք տեսնել գնացանկ բաժնում՝ յուրաքանչյուր տեսակի դիմաց ԱՎԵԼԻՆ կոճակը սեղմելով: Բայց ընդհանուր առմամբ  անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել որոշ կանոններ:

Սննդի ընդունումը

Սննդի ընդունումը  անալիզ հանձնելուց առաջ խիստ  ազդում է արդյունքի վրա, իսկ որոշ դեպքերում անհնար դարձնում հետազոտության իրականացումը: Օրգանիզմում սննդարար նյութերի ներծծումից հետո արյան մեջ բարձրանում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և  այլ միացությունների խտությունը, ակտիվանում են ֆերմենտային համակարգերը, ժամանակավոր  բարձրանում է որոշ հորմոնների մակարդակը  և  այլն:  Բոլոր այս գործոնները ուղիղ ազդեցություն են թողնում հետազոտվող նմուշի խտության հարաբերակցությունների  վրա, և արդյունքում ստացված տվյալները չեն արտացոլում իրական պատկերը:

  • Չօգտագործել ճարպային սնունդ  անալիզ  հանձնելուց  առնվազն  4 ժամ առաջ, ճարպերի բարձր  խտությունը արյան մեջ կարող է ազդել ցանկացած տեսակի հետազոտության արդյունքների վրա:
  • Նմուշի հանձնումից մի փոքր  առաջ ցանկալի է խմել չգազավորված ջուր, այն թուլացնում է արյան մածուցիկությունը, փոքրացնում է մակարդուկների առաջացման հավանականությունը և թույլ տալիս ավելի հեշտորեն հավաքել բավարար քանակի արյուն հետազոտության համար:  


Դեղորայքի օգտագործումը

 Ցանկացած  տիպի դեղորայքի, կամ հավելումների օգտագործումը այս կամ այն կերպ ազդում է օրգանիզմի վրա: Դրանց ազդեցությունը լաբորատոր ցուցանիշների վրա  հիմնականում  հայտնի է, բայց  անհնար է յուրաքանչյուր անհատի համար կանխատեսել  դրանց ազդեցության մակարդակը, քանի որ այն կարող է կախված լինել  անձի  ֆիզիոլոգիական վիճակից, առկա հիվանդության(ների) տեսակից  և այլն:

 Ելնելով այս  ամենից խորհուրդ է տրվում

  • Նախապես  բժշկի հետ համաձայնեցնելով՝ անալիզ հանձնելուց 12-24 ժամ առաջ դադարեցնել դեղորայքի ընդունումը
  • Եթե անալիզը հանձնվում է հերթական դեղորայքային պրեպարատն ընդունած, ապա պետք է այդ մասին տեղյակ պահել լաբորատոր մասնագետին:


Օրվա ժամը

Օրվա ժամից կախված՝ շատ նյութերի խտություններ մարդու օրգանիզմում ենթարկվում են փոփոխության: Դա վերաբերվում է ինչպես հորմոններին, այնպես էլ կենսաքիմիական ցուցանիշներին և սպեցիֆիկ մարկերներին: Վերը նշվածից ելնելով անհրաժեշտ է հետազոտություններ  հանձնելու դեպքում պահպանել ժամային հստակ գրաֆիկ: Շատ կարևոր է նաև դինամիկ հսկողության դեպքում  կրկնվող հետազոտությունները նույնպես հանձնել ճիշտ նույն ժամին, ինչ առաջին անգամ:

Էմոցիոնալ վիճակը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

 Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրգանիզմում ակտիվացնում է մի շարք հորմոնալ և ֆերմենտային համակարգերի, ներքին օրգանների աշխատանքը, արյան մեջ բարձրանում է բիոլոգիական ակտիվ միացությունների մակարդակը, ակտիվացնում է նյութափոխանակությունը: Էմոցիոնալ ծանրաբեռնվածության և սթրեսի պարագայում ակտիվանում է սիմպատո-ադրենալինային համակարգի աշխատանքը, որն էլ իր հերթին նպաստում է մի շարք ներքին օրգանների աշխատանքի մեխանիզմների փոփոխությանը, հորմոնալ և ֆերմենտային համակարգերի ակտիվացմանը:

 Վերը նշված գործոնները  իրենց ազդեցությունն են թողնում անալիզների արդյունքների վրա  և  որպեսզի  բացառենք նման գործոնների ազդեցությունը, խորհուրդ է տրվում  անալիզներ հանձնելու  օրը

  • Չզբաղվել սպորտով, կամ ծանր ֆիզիկական աշխատանքով
  • Բացառել էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը
  • Անալիզ հանձնելուց րոպեներ առաջ ընդունել հարմար  դիրք, հանգստանալ, թուլացնել մկանները:


Ալկոհոլը և ծխելը

Ալկոհոլը բազում ուղղություններով ազդեցություն է թողնում օրգանիզմի  վրա:  Այն ազդում է նյարդային համակարգի, նյութափոխանակության, հորմոնալ, ֆերմենտային համակարգերի աշխատանքի վրա և  արյան մեջ բազում կենսաքիմիական  և այլ տվյալներ կարող են ենթարկվել փոփոխության: Ծխախոտը իր հերթին ազդում է անոթների տոնուսի վրա, ակտիվացնում է նյարդային համակարգը և կարող է փոփոխել որոշ հորմոնների տվյալներ:

 Որպեսզի հնարավոր լինի բացառել ալկոհոլի և ծխելու հետևանքները անալիզների արդյունքների վրա, հարկավոր է՝

  • 72 ժամ առաջ չօգտագործել ալկոհոլ,
  • 30 րոպե առաջ չծխել


 Կանանց ֆիզիոլոգիական վիճակը

 Սեռական հորմոնների և դրանց մետաբոլիտների չափաքանակը կանանց օրգանիզմում ամսվա ընթացքում էականորեն փոփոխվում են: Դրա հետ կապված՝ շատ հորմոնալ հետազոտություններ խորհուրդ է տրվում անցնել մենստրուալ ցիկլի որոշակի օրերի: Հանձնման օրը կարող է որոշվել ելնելով նրանից, թե հորմոնալ կարգավորման որ օղակն է անհրաժեշտ հետազոտել:

 Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում  նույնպես կատարվում են լուրջ ֆիզիոլոգիական փոփոխություններ: Կախված հղիության շաբաթից՝  օրգանիզմում փոփոխվում են հորմոնների, որոշ սպեցիֆիկ սպիտակուցների  կոնցենտրացիաները, ֆերմենտային համակարգերի ակտիվությունը:

 Այս ամենից ելնելով՝ խորհուրդ է տրվում  հորմոնալ անալիզներ, սպեցիֆիկ մարկերներ հանձնելուց առաջ

  • խորհրդակցել բժշկի հետ,
  • ճշտել հղիության ժամկետը կամ մենստրուալ ցիկլի օրերը,
  • նշել դրանք լաբորատորիայում՝ պատասխանները համապատասխան նորմաներով ստանալու համար:

 

Ինչպես նախապատրաստվել մեզի հետազոտություններին:

Մեզի մեկանգամյա չափաբաժնի հետազոտությունների համար հիմնականում նմուշառումն իրականացվում է առավոտյան ժամերին: Կախված հետազոտության տեսակից՝ կարող է վերցվել հոսքի սկզբի, միջին  հատվածի, վերջնական չափաբաժինները, կամ  ամբողջ չափաբաժինը: Օրական չափաբաժնի հետազոտությունների դեպքում  հավաքվում է  ամբողջ օրվա մեզը: Անկախ հետազոտության տեսակից՝  մեզի  նմուշառումն անհրաժեշտ է իրականացնել միայն մեզի համար նախատեսված ստերիլ տարաներում: Հետազոտության առավել ճշգրիտ և  հավաստի տվյալների ապահովման համար անհրաժեշտ է պահպանել մի  շարք պայմաններ:

  • Հետազոտությունից  10-12 ժամ առաջ չի կարելի օգտագործել ալկոհոլ, աղի, կծու, թթու սնունդ: Չի կարելի օգտագործել մթերքներ, որոնք փոխում են մեզի գույնը (գազար, ճակնդեղ և այլն):
  • Կանանց խորհուրդ է տրվում անալիզը հանձնել ոչ դաշտանային ցիկլի օրերին:
  • Հնարավորինս բացառել միզամուղ էֆեկտով մթերքների  և պրեպարատների օգտագործումը:
  • Նմուշը հանձնելուց առաջ անհրաժեշտ է լվացնել ատրաքին սեռական օրգանները:

 

Ինչպես նախապատրաստվել կղանքի հետազոտություններին

Կղանքի անալիզներ հանձնելուց առաջ  բուժառուներին տրվում են հատուկ ստերիլ տարաներ: Կախված  հետազոտության տեսակից՝ տարաներն իրենց մեջ կարող են պարունակել տարբեր միջավայրեր: Անալիզների առավել ճշգրիտ պատասխաններ ստանալու համար,  հանձնելուց  առաջ  անհրաժեշ է պահպանել որոշ ընդհանուր կանոններ:

 Կղանքի ընդհանուր կլինիկական, հակագենային, միկրոբիոլոգիական և ՊՇՌ հետազոտություններ հանձնելու դեպքում

  • Անալիզները  ճիշտ չէ  հանձնել հակաբիոտիկաթերապիա կամ քիմիոթերապիա  ստանալու  ընթացքում, իսկ եթե դա անհնար է, ապա գոնե վերջին պրեպարատի ընդունումից 12 ժամ հետո:
  • Բացառել լուծողական պրեպարատների, մոմիկների  ընդունումը, կղանքի գույնի վրա ազդող պրեպարատների ընդունումը:
  • Ռենտգեն կոնտրաստ պրեպարատների ընդունումից  հետո  հանձնվող նմուշը պիտանի չէ հետազոտման:
  • Հոգնայի միջոցով ստացված նմուշը նույնպես չի կարող պիտանի լինել հետազոտման:
  • Կղանքում թաքնված արյան հետազոտություն հանձնելուց առաջ անհրաժեշտ է 72 ժամ առաջ խուսափել մսային, ձկնային, կանաչ բանջարեղենի և լոլիկային կերակրատեսակների օգտագործումից:

 

Ինչպես ճիշտ նախապատրաստվել միզասեռական քսուքի հետազոտության համար:

Տղամարդկանց դեպքում անհրաժեշտ է

Քսուք միզուկից

  • Հանձնելուց առաջ առնվազն երեք ժամ տևողությամբ չմիզել:
  • Քսուքը հանձնելուց առաջ  օճառով կամ ախտահանող միջոցներով լվանալ առնանդամի գլխիկի մաշկը:
  • Խորհուրդ է տրվում անալիզը հանձնել հակաբիոտիկների օգտագործումից երկու շաբաթ հետո կամ բուժող բժշկի ցուցումով:


Առնանդամի գլխիկի կամ թլիպի քսուք-դրոշմվածք

  • Հետազոտվելուց առնվազը մեկ շաբաթ առաջ չի կարելի օգտագործել տեղային հակաբակտերիալ, հակասնկային պրեպարատներ:
  • Հետազոտվելուց առաջ 24-48 ժամ չլվանալ առնանդամի գլխիկի և թլիպի մաշկը:


Կանանց դեպքում անհրաժեշտ է

  • Անալիզը հարկավոր է հանձնել մենստրուալ ցիկլից առաջ, կամ ցիկլի ավարտից երկու օր հետո:
  • Հանձնելուց մեկ օր առաջ չի կարելի կատարել ներլվացումներ, չի կարելի լվացնել ատրաքին սեռական օրգանները՝ օգտագործելով ինտիմ հիգիենայի պարագաներ:
  • Հետազոտվելուց առնվազը մեկ շաբաթ առաջ  չի կարելի օգտագործել տեղային հակաբակտերիալ, հակասնկային պրեպարատներ:
  • Անալիզը հարկավոր է հանձնել առնվազը երեք ժամ չմիզած:
  • Խորհուրդ է տրվում անալիզը հանձնել հակաբիոտիկների օգտագործումից երկու շաբաթ հետո կամ բուժող բժշկի ցուցումով:

 

Ինչպես ճիշտ նախապատրաստվել էակուլյատի(սերմնահեղուկի) հետազոտություններին

Նմուշը վերցնում է պացիենտը ինքնուրույն՝ մաստուրբացիայի միջոցով:

Սերմնահեղուկի ռեպրոդուկտիվ հատկությունների վատ ցուցանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անալիզը հանձնել երկրորդ անգամ 7 օր անց, բայց ոչ ավելի ուշ քան 20 օրը:

  • Միկրոկենսաբանական կամ ՊՇՌ մեթոդով հետազոտությունների համար անհրաժեշտ է անալիզ հանձնել հակաբակտերիալ կամ քիմիոթերապևտիկ բուժում սկսելուց առաջ, անհնարինության դեպքում պրեպարատի ընդունումը դադարեցնելուց առնվազը 12 ժամ հետո:
  • Սպերմագրամմայի հետազոտության համար անալիզ հանձնելուց 7 օր առաջ ամբողջովին բացառել դեղորայքային պրեպարատների օգտագործումը՝ (նախապես համաձայնեցնելով բուժող բժշկի հետ) բացառությամբ կենսական նշանակության դեղամիջոցների, որի մասին անհրաժեշտ է տեղեկացնել:
  • Սպերմագրամմայի հետազոտության համար անալիզ հանձնելուց 72 ժամ առաջ, բայց ոչ ավել քան 7 օր, չունենալ սեռական հարաբերություն:
  • Սպերմագրամմայի հետազոտության համար անալիզ հանձնելուց 72 ժամ առաջ չօգտագործել ալկոհոլ, բացառել ջերմային պրոցեդուրաների (տաք վաննաներ, շոգեբաղնիք ևայլն), ֆիզիոպրոցեդուրաների ընդունումը:
  • Սպերմագրամմայի հետազոտության համար անալիզ հանձնելուց 72 ժամ առաջ չի կարելի անցնել ռենտգեն հետազոտություններ:
  • Եթե հետազոտությունից առաջ վերջին մեկ ամսվա ընթացքում եղել են բարձր ջերմության կամ վարակային գործընթացի այլ նշաններ, կամ հետազոտվողն ընդունել է հակաբիոտիկներ, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել հետազոտությունը նշանակող բժշկին և լաբորատոր անկետայում լրացնել:
  • Ցանկալի է հետազոտությունը հանձնել լաբորատորիայում, որպեսզի հնարավոր լինի խուսափել տեղափոխման ժամանակ ջերմային և ժամային ռեժիմների խախտումներից: Այլ վայրում հանձնելու դեպքում անհրաժեշտ է նմուշը հավաքել համապատասխան ստերիլ տարայի մեջ, լաբորատորիա հասցնել առավելագույնը մեկ ժամվա ընթացքում, սենյակային ջերմության պայմաններում:
  • Նմուշառման պրոցեսից առաջ անհրաժեշտ է օճառով լվացնել ձեռքերն ու առնանդամը:

 

Ինչպես նախապատրաստվել խորխի հետազոտությանը

Խորխի կենսանմուշը պացիենտը վերցնում է ինքնուրույն՝ խորը հազի միջոցով, ստերիլ տարայի մեջ:

  • Անալիզը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին:
  • Նմուշը վերցնելուց առաջ անհրաժեշտ է լվացնել ատամները, բերանի խոռոչը ողողել եռացրած գոլ ջրով:

 

Ինչպես ճիշտ նախապատրաստվել էնտերոբիոզի հետազոտությանը

Հետազոտության համար օգտագործվում է հետանցքից քերուկ-արտատպուկը: Նմուշը վերցվում է բուժքրոջ կողմից:

  • Անալիզը հարկավոր է հանձնել հետանցքի շրջանը 24 ժամ չլվացրած:

 

.