Յուրաքանչյուր անալիզի տեսակ ունի իրեն բնորոշ նախապատրաստման պայմանները, որոնք միշտ կարող եք տեսնել գնացանկ բաժնում՝ յուրաքանչյուր տեսակի դիմաց ԱՎԵԼԻՆ կոճակը սեղմելով: Բայց ընդհանուր առմամբ անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է պահպանել որոշ կանոններ:
Սննդի ընդունումը
Սննդի ընդունումը անալիզ հանձնելուց առաջ խիստ ազդում է արդյունքի վրա, իսկ որոշ դեպքերում անհնար դարձնում հետազոտության իրականացումը: Օրգանիզմում սննդարար նյութերի ներծծումից հետո արյան մեջ բարձրանում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և այլ միացությունների խտությունը, ակտիվանում են ֆերմենտային համակարգերը, ժամանակավոր բարձրանում է որոշ հորմոնների մակարդակը և այլն: Բոլոր այս գործոնները ուղիղ ազդեցություն են թողնում հետազոտվող նմուշի խտության հարաբերակցությունների վրա, և արդյունքում ստացված տվյալները չեն արտացոլում իրական պատկերը:
- Չօգտագործել ճարպային սնունդ անալիզ հանձնելուց առնվազն 4 ժամ առաջ, ճարպերի բարձր խտությունը արյան մեջ կարող է ազդել ցանկացած տեսակի հետազոտության արդյունքների վրա:
- Նմուշի հանձնումից մի փոքր առաջ ցանկալի է խմել չգազավորված ջուր, այն թուլացնում է արյան մածուցիկությունը, փոքրացնում է մակարդուկների առաջացման հավանականությունը և թույլ տալիս ավելի հեշտորեն հավաքել բավարար քանակի արյուն հետազոտության համար:
Դեղորայքի օգտագործումը
Ցանկացած տիպի դեղորայքի, կամ հավելումների օգտագործումը այս կամ այն կերպ ազդում է օրգանիզմի վրա: Դրանց ազդեցությունը լաբորատոր ցուցանիշների վրա հիմնականում հայտնի է, բայց անհնար է յուրաքանչյուր անհատի համար կանխատեսել դրանց ազդեցության մակարդակը, քանի որ այն կարող է կախված լինել անձի ֆիզիոլոգիական վիճակից, առկա հիվանդության(ների) տեսակից և այլն:
Ելնելով այս ամենից խորհուրդ է տրվում
- Նախապես բժշկի հետ համաձայնեցնելով՝ անալիզ հանձնելուց 12-24 ժամ առաջ դադարեցնել դեղորայքի ընդունումը
- Եթե անալիզը հանձնվում է հերթական դեղորայքային պրեպարատն ընդունած, ապա պետք է այդ մասին տեղյակ պահել լաբորատոր մասնագետին:
Օրվա ժամը
Օրվա ժամից կախված՝ շատ նյութերի խտություններ մարդու օրգանիզմում ենթարկվում են փոփոխության: Դա վերաբերվում է ինչպես հորմոններին, այնպես էլ կենսաքիմիական ցուցանիշներին և սպեցիֆիկ մարկերներին: Վերը նշվածից ելնելով անհրաժեշտ է հետազոտություններ հանձնելու դեպքում պահպանել ժամային հստակ գրաֆիկ: Շատ կարևոր է նաև դինամիկ հսկողության դեպքում կրկնվող հետազոտությունները նույնպես հանձնել ճիշտ նույն ժամին, ինչ առաջին անգամ:
Էմոցիոնալ վիճակը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրգանիզմում ակտիվացնում է մի շարք հորմոնալ և ֆերմենտային համակարգերի, ներքին օրգանների աշխատանքը, արյան մեջ բարձրանում է բիոլոգիական ակտիվ միացությունների մակարդակը, ակտիվացնում է նյութափոխանակությունը: Էմոցիոնալ ծանրաբեռնվածության և սթրեսի պարագայում ակտիվանում է սիմպատո-ադրենալինային համակարգի աշխատանքը, որն էլ իր հերթին նպաստում է մի շարք ներքին օրգանների աշխատանքի մեխանիզմների փոփոխությանը, հորմոնալ և ֆերմենտային համակարգերի ակտիվացմանը:
Վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են թողնում անալիզների արդյունքների վրա և որպեսզի բացառենք նման գործոնների ազդեցությունը, խորհուրդ է տրվում անալիզներ հանձնելու օրը
- Չզբաղվել սպորտով, կամ ծանր ֆիզիկական աշխատանքով
- Բացառել էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը
- Անալիզ հանձնելուց րոպեներ առաջ ընդունել հարմար դիրք, հանգստանալ, թուլացնել մկանները:
Ալկոհոլը և ծխելը
Ալկոհոլը բազում ուղղություններով ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Այն ազդում է նյարդային համակարգի, նյութափոխանակության, հորմոնալ, ֆերմենտային համակարգերի աշխատանքի վրա և արյան մեջ բազում կենսաքիմիական և այլ տվյալներ կարող են ենթարկվել փոփոխության: Ծխախոտը իր հերթին ազդում է անոթների տոնուսի վրա, ակտիվացնում է նյարդային համակարգը և կարող է փոփոխել որոշ հորմոնների տվյալներ:
Որպեսզի հնարավոր լինի բացառել ալկոհոլի և ծխելու հետևանքները անալիզների արդյունքների վրա, հարկավոր է՝
- 72 ժամ առաջ չօգտագործել ալկոհոլ,
- 30 րոպե առաջ չծխել
Կանանց ֆիզիոլոգիական վիճակը
Սեռական հորմոնների և դրանց մետաբոլիտների չափաքանակը կանանց օրգանիզմում ամսվա ընթացքում էականորեն փոփոխվում են: Դրա հետ կապված՝ շատ հորմոնալ հետազոտություններ խորհուրդ է տրվում անցնել մենստրուալ ցիկլի որոշակի օրերի: Հանձնման օրը կարող է որոշվել ելնելով նրանից, թե հորմոնալ կարգավորման որ օղակն է անհրաժեշտ հետազոտել:
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում նույնպես կատարվում են լուրջ ֆիզիոլոգիական փոփոխություններ: Կախված հղիության շաբաթից՝ օրգանիզմում փոփոխվում են հորմոնների, որոշ սպեցիֆիկ սպիտակուցների կոնցենտրացիաները, ֆերմենտային համակարգերի ակտիվությունը:
Այս ամենից ելնելով՝ խորհուրդ է տրվում հորմոնալ անալիզներ, սպեցիֆիկ մարկերներ հանձնելուց առաջ
- խորհրդակցել բժշկի հետ,
- ճշտել հղիության ժամկետը կամ մենստրուալ ցիկլի օրերը,
- նշել դրանք լաբորատորիայում՝ պատասխանները համապատասխան նորմաներով ստանալու համար: